Գազի գինը ոչ էժանացել է, ոչ էլ արտոնյալ է

Երեկ Հայաստանի Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժղովը իջեցրեց բնական գազի սակագները: Մասնավորապես, բնակիչ-բաժանորդների համար մեկ խորհանարդ մետր կապույտ վառելիքի գինը նախկին 156 դրամի փոխարեն դարձավ 146,7 դրամ, իսկ արդյունաբերական հիմնարկների ու գազալցակայանների (10 հազար խմ-ից ավել սպառողների) համար  1000 խմ-ի համար նախկին 277 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից իջավ մինչև 257,5:

Այս սակագները ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից և դրանք ներկայացվում են, որպես «նվազագույն հնարավոր»  և «արտոնյալ»՝ պայմանավորված հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով: Արդ, փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է գազի գինը իրապես նպաստավոր և արտոնյալ:

Գինը նաև աճել է

Եթե նախկինում մենք հաճախ քննարկում էինք ՀԾԿՀ-ի կողմից օպերատորի այս կամ այն ծախսի՝ սակագնում ներառելու հարցը, ապա այժմ այդ քննարկումը դե-ֆակտո անիմաստ է, քանի որ ապրիլի 7-ին Դմիտրի Մեդվեդևի երևանյան հայտնի այցի ժամանակ ստորագրված համաձայնագրով, փաստացի, սահմանվել է «Գազպրոմ Արմենիայի» նվազագույն մարժան:

Ուստի Հայաստանում գազի սակագնի հարցն այլև քաղաքական դաշտում է և կախված է բացառապես հայ-ռուսական հարաբերություններից:

Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսից խոշոր սպառողներին 1000 խմ գազը մատակարարվում է 277 դոլարին համարժեք դրամով, իսկ այժմ՝ 257,5: Այսինքն, եթե 2-3 տարի առաջ խոշոր սպառողները 1000խմ-ի դիմաց վճարում էին 110-115 հազար դրամ, ապա այժմ այդ գինը աճել ու հասել է 123 հազար դրամի (դոլարի արժևորման պատճառով):

Այսինքն, անգամ գնի, այսպես կոչված, էժանացումից հետո, խոշոր սպառողների (գործարաններ, գազալցակայաններ և այլն) համար գազի գինը, միևնույնն է, ավելի բարձր է լինելու, քան 2 կամ 3 տարի առաջ:

Դաշնակցային պայմաննե՞ր

Հարկ է նաև նկատել, որ անցած մոտ 2,5 տարում գազի միջազգային գինը միջինում շուրջ եռապատիկ անկում ապրեց, իսկ «Գազպրոմ Ամրենիան», իր հերթին, գազի գինը իջեցրեց ընդամենը մի քանի տոկոսով (դոլարով հաշված):

Անգամ նույն «Գազպրոմի» կողմից Եվրոպական պետություններին մատակարարվող գազի գինը վերջին 3 տարում արժեզրկվել է 2,7 անգամ… Եվ դա այն պայմաններում, որ եվրոպական շատ երկրներում Ռուսասանը չունի գազի մատակարարման մրցակիցներ:

Այնինչ, թեև Հայաստանը ունի գազ արտահանող հարևաններ (օրինակ՝ Իրանը): Ողջամիտ տրամաբանությամբ Իրանը պետք է մրցեր Ռուսաստանի հետ՝ Հայաստանին առավել շահավետ պայմաններով գազ առաջարկելով:

Ու քանի դեռ Եվրոպական երկրները ընդունում են էներգետիկ հակամենաշնորհային կարգավորումներ՝ «Գազպրոմին» զրկելով մենաշնորհի չարաշահման հնարավորություններից, Երևանում որոշեցին մենաշնորհ հատկացնել Ռուսաստանին ու զրկվել այս մասով աշխարհագրական բարենպաստ դիրքի ընձեռնած հնարավորություններից:

Հավելենք, որ քանի դեռ իրեն Ռուսաստանի դաշնակից համարող Հայաստանի սպառողները գազի դիմաց կվճարեն 147 դրամ, Ռուսաստանի ռազմական թշնամի Ուկրաինայի բնակիչները նույն այդ գազի դիմաց կվճարեն 130 դրամին համարժեք 6,8 հրիվնա:

Ռուսաստանի հետ բարեկամությունը մերժած ու Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած մեկ այլ երկրի՝ Մոլդովայի բնակիչները ռուսական գազի համար նույնպես վճարում են 140 դրամին համարժեք 5,9 մոլդովական լեյ: Եվ դա այն պայմաններում, որ ռուսական գազը Մոլդովայում չունի մրցակիցներ և այդ երկիր գազն հասցնելու համար բավականին մեծ գումար է ծախսվում տրանզիտի վրա (Մոլդովան շատ ավելի հեռու է, քան Հայաստանը):

Իսկ ահա ՌԴ-ի հետ դաշնակից լինելու պտուղներից իրապես կօգտվեն Բելառուսի բնակիչները, ովքեր գազի դիմաց, սեզոնից կախված, վճարելու են 18-ից 68 դրամին համարժեք 770-ից 2800 բելառուսական ռուբլի:

Ռուսաստանյան բլեֆ

Ինչպես հիշում ենք, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում կնքվեց հայտնի գազային համաձայնագիրը, որով ֆիքսվեցին Հայաստան մտնող գազի գինը և «Գազպրոմին» փոխանցվեցին «ՀայՌուսԳազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասն ու Հայաստան գազ ներմուծելու մենաշնորհը: Այն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց,  որ Հայաստանում գազի գինը կլինի Ռուսաստանի ներքին գնի չափ: Սակայն, Ռուսաստանի կովկասյան շրջաններում գազի 1 խմ-ի մանրածախ գինը 5 ռուբլի է, իսկ Հայաստանում այն 147,7 դրամ է՝ Ռուսաստանից ավելի քան 4 անգամ թանկ:

Ու թեև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի գազի գինը պետք է հաշվարկի ռուբլիով, սակայն վերջին երկու տարում ռուսական ռուբլին դրամի նկատմամբ կրկնակի անկում ապրեց, բայց մեր երկրում գազի գինը ոչ միայն չէժանացավ, այլ անգամ թանկացավ (խոշոր սպառողների համար): Իսկ այս տարվա մարտին ընդհանրապես հայտարարվեց ՀՀ իշխանությունների այդ առաջարկի մերժման մասին և նշվեց, որ գազի գինը շարունակվելու է հաշվարկվել դոլարով:

Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում բնական գազի գնագոյացումը կատարվում է ռուբլիով, իսկ ռուբլին դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 2,3 անգամ, ապա կարելի է արձանագրել, որ վերջին 2 տարում, Հայաստանին մատակարարվող գազը՝ 1000 խմ-ի դիմաց 6000 ռուբլուց հասել է 12000-ի (սահմանի գինը):

Այսինքն, քանի դեռ Հայաստանը ինտեգրվում է ԵԱՏՄ-ին, ամեն կերպ աջակցում է Ռուսաստանին (Ղրիմ և այլն), Ռուսաստանը, իր հերթին գազի գինը՝ ռուբլիով հաշված կրկնակի թանկացնում է Հայաստանի համար և գերշահույթներ ստանում ՀՀ քաղաքացիների ու արդյունաբերական հիմնարկների հաշվին:

Դանիել Իոաննիսյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող