Ռուսաստանի «մտահոգ» արձագանքը Բոլթոնի հայտարարություններին

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Մոսկվա և ապա Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան դարձավ հոկտեմբեր ամսվա կարևորագույն աշխարհաքաղաքական իրադարձությունը տարածաշրջանի համար:

Այցն ուղեկցվեց ընդունող երկրների համար ոչ այնքան հաճելի ուղերձներով ու նորություններով, մասնավորապես, կապված ԱՄՆ-ի՝ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից դուրս գալու հետ, ինչպես նաև հարավկովկասյան հանրապետություններում Իրանին վերաբերող հայտարարություններով:

Այս իրադարձությունների ֆոնին, սակայն, աչքի է ընկնում ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայության՝ հոկտեմբերի 29-ին տարածած մի ուշագրավ հաղորդագրություն: Խոսքը, մասնավորապես, այն հայտարարության մասին է, որտեղ խոսվում է ԱՄՆ կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին:

Հայտարարության մեջ ռուսական կողմը, ըստ էության, մտահոգություն է հայտնում, որ Ջոն Բոլթոնը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, հայտարարել էր, որ Հայաստանի համար ֆունդամենտալ հարց է ինքնիշխանությունը լիարժեք օգտագործելն ու արտաքին ազդեցություններից ազատ լինելը: «Կարծում եմ, ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով»,- ասել էր Բոլթոնը՝ մեկնաբանելով տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած մեծ ազդեցության մասին դիտարկումը:

Ուշագրավը, սակայն, ոչ միայն այս հաղորդագրության բովանդակությունն է, իսկ դրան մենք ստորև դեռ կանդրադառնանք, այլ ընդհանուր տոնայնությունը: Հիշատակելով ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի` EVNReport-ին տված հարցազրույցում արած հայտարարությունները՝ որպես Հայաստանի ներքին գործերին միջամտելու օրինակ, ՌԴ ԱԳՆ մեկանաբանության մեջ ասվում է հետևյալը. «Թվում էր, թե ավելի մեծ անշնորհքություն, որը նման է երկրի ներքին գործերին ուղղակիորեն միջամտելուն, էլ չի լինի: Պարզվեց, որ այդպես չէ»:

Բացի սա, ՌԴ ԱԳՆ հայտարարությունում՝ որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու օրինակ, նշվում է, թե Բոլթոնը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից ակնակալում է կոնկրետ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հարցում խորհրդարանական ընտրություններից հետո: «Բնականաբար, չի մոռացել նաև գովազդել ամերիկյան զենքերը, որոնք Հայաստանը պետք է գնի ռուսականի փոխարեն»,- հեգնանքով նշվում է հաղորդագրության մեջ:

Նույն հեգնանքով ՌԴ արտգործնախարարության մեկնաբանության մեջ նշվում է, որ «Երևանում Բոլթոնի արած ոչ բոլոր հայտարարություններն են արժանի քննադատության»: «Հայաստանի համար իրոք ֆունդամենտալ կարևոր է լիակատար ինքիշխանությունը, այլ ոչ թե կախյալ կամ ավելորդ արտաքին ազդեցությանը ենթակա լինելը: Լավ կլինի, որ Բոլթոնը խորանա սեփական բառերի իմաստի մեջ»,- ասվում է հայտարարությունում:

Նկատենք, սակայն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռևս հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել էր ղարաբաղյան հարցի վերաբերյալ Բոլթոնի արած հայտարարությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի օգնականը կամ ցանկացած այլ ոք չի կարող խոսել իր անունից: Սա, ըստ էության, Հայաստանի արձագանքն էր Ջոն Բոլթոնի խոսքերին, որից բացի այլ մեկնաբանությամբ հանդես գալը պաշտոնական Երևանը նպատակահարմար չի գտել:

Նման պայմաններում, երբ Հայաստանն անհրաժեշտ չի համարում հանդես գալ մանրամասն մեկնաբանություններով և արձագանքել ԱՄՆ նախագահի օգնականի հայտարարություններին, մեկ այլ կողմի մեկնաբանությունները դիտվում են բավական անհեթեթ: Մանավանդ, եթե այդ մեկնաբանությունները կրում են խիստ էմոցիոնալ ու սուր բնույթ:

Ջոն Բոլթոնը Մոսկվայում հանդես էր եկել Ռուսաստանին և Ռուսաստանի շահերին վերաբերող բազմաթիվ ուղերձներով ու հայտարարություններով, որոնք, անշուշտ, արձագանքների ու գործողությունների անհարժեշտության պակաս չեն առաջացնի ռուսական դիվանագիտական գերատեսչության համար, իսկ Հայաստանի մասով մեկնաբանությունները ավելի շատ նման են ՀՀ արտաքին գործերին միջամտելուն, մի հանգամանք, ինչում ՌԴ ԱԳՆ-ն մեղադրում է Բոլթոնին:

 

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: