Անազնիվ կրթություն։ Ինչո՞ւ են ուսանողները գնում պատրաստի կուրսայիններ և դիպլոմայիններ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Հայաստանյան բուհերի բազմաթիվ ուսանողներ օգտվում են տարբեր ընկերությունների կողմից առաջարկվող պատրաստի կուրսային, դիպլոմային աշխատանքներից և ներկայացնում դրանք որպես սեփականը։ Այս երևույթը, որը կոչվում է ակադեմիական գրագողություն (պլագիարիզմ), լայնորեն տարածված է գործնականում և վկայում է Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին։

Օրերս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հանդես եկավ կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը սահմանափակելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ գովազդի մասին օրենքում։ Այսպիսով, պատգամավորը ցանկանում է պայքարել հայաստանյան բուհերում տարածված գրագողության և ակադեմիական աշխատանքների անազնիվ գնումների դեմ։

Ուշագրավ է, որ Հայաստանում ակադեմիական անազնվության վերաբերյալ բավական ծավալուն ուսումնասիրություն կատարվել է դեռ 2015 թվականին՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսավորմամբ։

Ակադեմիական անազնվության պատճառները

Ըստ «Ակադեմիական աշխատանքների անազնիվ գնումը Հայաստանի պետական համալսարաններում» հետազոտության, Հայաստանում ակադեմիական աշխատանքների վաճառքով զբաղվող բիզնեսների մեծ քանակը, ի թիվս այլի, պայմանավորված է նրանով, որ բացակայում է ոլորտում կառավարության վերահսկողությունը, իսկ պատասխանատվությունն ընկած է անհատական համալսարանների վրա, որոնց ճնշող մեծամասնությունը չունի կանոնադրություն ակադեմիական պլագիարիզմի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է խնդրի այլ պատճառներին, ապա դրանց թվում է սովորելու մոտիվացիայի ցածր մակարդակը։ «Ուսանողների կողմից ակադեմիական աշխատանքներ գնելու պատճառներից են ծուլությունը և իրենց մասնագիտության հանդեպ հետաքրքրության պակասը»,- ասվում է հետազոտության մեջ։

Բացի սա, ակադեմիական գրագողությունը, մասնավորապես աշխատանքների գնումը, կարող է Հայաստանի պետական բուհերում ընդունելության ցածր շեմի արդյունք լինել, քանի որ բուհեր ընդունված բազմաթիվ ուսանողներ, չունենալով համապատասխան ունակություններ, պարզապես ձեռք են բերում պատրաստի աշխատանքներ։ Պակաս կարևոր չի նաև այն հանգամանքը, բազմաթիվ ուսանողներ ստիպված են համատեղել ուսումն ու աշխատանքը և, պայմանավորված ժամանակի սղությամբ, գնել ակադեմիական աշխատանքներ։

Պլագիարիզմի պատճառներից են նաև թեմաների և հասանելի գրականության անբավարարությունը, դասընկերների վարքի օրինակը և ուսանողների ցածր իրազեկվածությունն ակադեմիական գրագողության վերաբերյալ։

Ովքեր են օգտվողները և ինչու են անում դա

Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ ուսանողների ավելի քան 16 տոկոսը գոնե մեկ անգամ անազնվորեն ձեռք է բերել ակադեմիական աշխատանք: Ընդ որում, ակադեմիական աշխատանքներ ձեռք բերելուն ավելի հակված են մագիստրատուրայում սովորող արական սեռի ուսանողները։ Ինչ վերաբերում է նման ծառայություններից օգտվող ուսանողների մասնագիտությանը, ապա հետազոտության տվյալները հակասական են։ Այսպես, ըստ հետազոտությանը մասնակցած դասախոսների, այս երևույթը ավելի տարածված է հումանիտար և հասարակական գիտությունների ուսանողների շրջանում, ըստ պատրաստի ակադեմիական աշխատանքներ վաճառող ընկերության ներկայացուցչի, իրենց հաճախորդները հիմնականում հումանիտար և հասարակական գիտությունների ու տնտեսագիտական բաժիններից են։ Սրա հետ մեկտեղ,  հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ակադեմիական աշխատանքներ գնելու մասին ավելի հաճախ պատմել են բնագիտության և ճարտարագիտության ոլորտի ուսանողները, ինչը, սակայն, կարող է պայմանավորված լինել հանգամանքով, որ այդ մասնագիտությամբ սովորողների մեծ մասն արական սեռի ուսանողներ են։

Անազնվորեն ակադեմիական աշխատանքներ ձեռք բերելու հիմնական դրդապատճառներն են բարձր գնահատականներ և կրթաթոշակ ստանալու ցանկությունը, ակադեմիական աշխատանքներ գրելու հմտությունների պակասը, ծուլությունը և անհրաժեշտ գրականության պակասը:

Առաջարկներ

Հետազոտության հեղինակները, ըստ այդմ, առաջարկում են, որ համալսարանները՝ Հայաստանում կրթության որակը վերահսկող ազգային կառույցների աջակցությամբ, մշակեն պլագիրարիզմի վերաբերյալ կանոնակարգեր։ Բացի սա,  հետազոտության հեղինակներն առաջարկում են, որ բուհերը իրազեկեն ուսանողներին գրագողության մասին հատուկ մշակված քաղաքականության, առարկաների, սեմինարների և հասանելի այլ տարբերակների միջոցով։

Կարևորվում է նաև հատուկ ծրագրերի ձեռքբերումը, որոնք թույլ կտան ստուգել ակադեմիական աշխատանքներում գրագողության աստիճանը։

Ուշագրավ է նաև հենց հետազոտության մասնակիցների առաջարկներից մեկը՝ լավ ակադեմիական աշխատանքները պարգևատրելը և ուսանողներին ակադեմիական աշխատանքները տպագրելու և ներկայացնելու հնարավորություն տալը, առաջադրանքներն ավելի հետաքրքիր և գործնական դարձնելը, և ուսանողներին պատժելը պլագիարիզմի համար:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: