Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Ռոման Ուդոտի ձերբակալման վերաբերյալ

22.05.2019 | 16:17 | Объявления

Извините, этот техт доступен только в “Армянский” и “Американский Английский”. For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

Ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 20-ին ձերբակալվել է Ռուսաստանում գործող «Գոլոս» շարժման խորհրդի անդամ Ռոման Ուդոտը:  Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անցյալ տարվա մարտին «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ նա, արձագանքելով «ՆՏՎ» լրագրողուհու անհարիր պահվածքին և հարցերին, վերցրել է նրա հեռախոսը: Ռ. Ուդոտը դիմել է ոստիկանություն և հայտարարություն տվել հետապնդման և մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման վերաբերյալ: Թղթակիցն իր հերթին ներկայացրել է հաղորդում հեռախոսի գողության մասին: Արդյունքում, «ՆՏՎ» հեռուստաընկերության թղթակիցների դիմումի համաձայն ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք): Ռոման Ուդոտը  չի ընդունում իր մեղքը:

Հարկ է նշել, որ այս միջադեպին նախորդել են պարբերական հետապնդումները Ռոմանի նկատմամբ, գիշերային զանգերը և սպառնալիքներն՝ ուղղված նրա ծնողներին, որոնք տեղ են գտել «ՆՏՎ»-ի ֆիլմերում ստահոդ լուրերի տարածման արդյունքում: Իրենց լրագրող ներկայացնող մարդիկ, որոնք ամենայն հավանականությամբ կապված են հատուկ ծառայությունների հետ, դարաններ լարելով՝ հոգեբանական ճնշման են ենթարկել նաև Ռոմանի անչափահաս երեխային:

Ռոման Ուդոտը Ռուսաստանի Դաշնությունում ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող շարժման ամենահայտնի ակտիվիստներից է: Տարիներ շարունակ նա բացահայտել և վավերագրել է բազմաթիվ ընտրախախտումներ ինչպե՛ս Ռուսաստանում, այնպե՛ս էլ այլ երկրներում: Հայաստանում Ռ.Ուդոտը բացահայտել է 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կեղծարարությունը (տես հավելված 1): Ներկայումս Ռ.Ուդոտը ընտրական վիճակագրության միջազգայնորեն ճանաչված լավագույն փորձագետներից է, որը հանդիսանում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մի քանի մեթոդական նյութերի համահեղինակ:

Մենք՝ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս ընտրությունների դիտորդություն իրականացնող ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում Ռ.Ուդոտի նկատմամբ հետապնդումները և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքները:

Միանալով «Գոլոս» դիտորդական շարժման հայտարարությանը՝ կոչ ենք անում ՌԴ Կառավարությանը և իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել Ռ.Ուդոտին և վերացնել նրա նկատմամբ անհիմն մեղադրանքները:

Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին աչալուրջ լինել ինչպես ակտիվիստի դեմ հարուցված քրեական գործի ընթացքի, այնպես էլ նրա ընտանիքի նկատմամբ հնչող սպառնալիքների կանխարգելման նկատմամբ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Ականատես» դիտորական նախաձեռնություն
Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք,
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,
«Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, «Ականատես» դիտորդական նախաձեռնություն,
Իրազեկ քաղաքացիների միավորում, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք։

 


Читайте также