ՊՆ-ին աջակցում են ԱՄՆ-ն ու Չինաստանը

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ 2005-2014 թվականերին ՀՀ ՊՆ-ն ռազմական օժանդակություն է ստացել Ամերիկայի Միացիալ Նահանգներից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: Այդ տասը տարիների ընթացքում ՊՆ-ն այս երկու պետություններից ստացել է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

ԱՄՆ-ից դրմաշնորհները ստացվել են «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF) և «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» (IMET) ծրագրերի շրջանակներում:

Արտաքին ռազմական ֆինանսավորում ծրագրով տրամադրվող օժանդակությամբ իրականացվել են ՀՀ պաշտպանական համակարգի զինծառայողների և հատուկ քաղաքացիական ծառայողների լեզվական և մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև ձեռք է բերվել տեխնիկական միջոցներ: Այս ծրագրի շրջանակներում ՊՆ-ին է հատկացվել 35,7 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

«Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» ծրագրով տրմադրված օժանդակությամբ իրականացվել են ՀՀ պաշտպանական համակարգի զինծառայողների և հատուկ քաղաքացիական ծառայողների լեզվական և մասնագիտական վերապատրաստումներ: Այս ծրագրի շրջանակներում ՊՆ-ն ստացել է 6 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Չինաստանի կողմից 2009-2013թթ.-ին ՊՆ-ին տրամադրվել է անհատույց ռազմական օգնություն մոտ 3,8 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գործող «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ները այլ պետությունների պետական մարմիններից որևէ օժանդակություն չեն ստացել:

Այսպիսով՝ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնականում դրամաշնորհները ստացել է ԱՄՆ-ից: Ըստ մեզ տրամադրած տեղեկության, ՊՆ-ն դրմաշնորհներ չի ստացել ԵՄ-ից և ՌԴ-ից, թեև Ռուսաստանից դրամաշնորհ չստանալը, մեղմ ասած տարօրինակ է, քանի որ հենց ՌԴ-ն է համարվում մեր հիմնական ռազմական գործընկերը: Հաշվի առնելով նաև, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, հենց ՌԴ-ն պետք է որ ավելի շահագրգռված լիներ ՀՀ Պաշտպանության նախարարությանն ու Զինված ուժերիի աջակցությամբ, քան ԱՄՆ-ն կամ Չինաստանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ուսումնասիրել և հրապարակել Հայաստանի պետական մարմինների օտարերկրյա դրամաշնորհների մասին տեղեկությունները:

ՏաթևիկՎարդանյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող